Արևմտյան երկրների հետ ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ. ՀՀ վարչապետ
EconomicsՀայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ արևմտյան երկրներ վարչապետի այցերի վերաբերյալ:
«Պայմանական 21.6 տոկոս արտահանման աճ ունենալով՝ մենք եվրոպական երկրների աճի տեմպով գերազանցել ենք ԵԱՏՄ երկրների աճի տեմպերին: Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մենք սպեցիֆիկ շուկաների հետ ևս առնչվում ենք: Արևմտյան երկրների հետ ևս ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ, ուղղակի այց կատարելու անհրաժեշտություն, օրակարգ չունենք»,- ընդգծեց վարչապետը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ այցերն ինքնանպատակ չեն լինում. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և այնտեղի ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, որոնք տեղի կունենան այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ եւ առարկայական խոսելու թեմա: Որպեսզի այցը չվերածվի զբոսաշրջության»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը: