Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից իրականացվող թռիչքների քանակը կավելանա
EconomicsՀայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Գյումրիում, ինչպես նաև մյուս համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին:
«Մենք չենք կարծում, որ հարկային արտոնություններով է, որ մենք պետք է Գյումրին զարգացնենք: Հատկապես այն պարագայում, երբ մենք ներմուծման ժամանակ ունենք հատուկ գործիքակազմ, երբ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի հետաձգում ենք նախատեսում»,- նշեց Կարապետյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն՝ զբաղվել Գյումրիի զարգացման ծրագրով: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
«Դրա համար մենք նախաձեռնել ենք Կումայրիի ծրագիրը, որը իր բնույթով կորպորատիվ նոր մշակույթ է բերում իր հետ: Ես համոզված եմ, որ Գյումրիի զբոսաշրջային գրավչության ներուժը մենք լիարժեք չենք օգտագործում, սակայն լինելու է համալիր ծրագիր: Դուք գիտեք, որ մենք աշխուժացրել ենք Գյումրիի օդանավակայանի աշխատանքը: Երկու ավիաընկերություն արդեն աշխատում է այդ օդանավակայանում, իսկ հոկտեմբերից ավելանալու է թռիչքների քանակը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ Գյումրիի օդանավակայանում աշխատող ավիաընկերությունների առջև հստակ խնդիր են դրել՝ մեծացնել թռիչքների աշխարհագրությունը: