Տրանսիլվանիայի հայերը կարողացել են պահպանել ազգային ինքնությունը հայկական ավանդական ուտեստների շնորհիվ
Հայ պատմաբանները և լեզվաբաններն ուսումնասիրում և վերծանում են Մատենադարանի, Մխիթարյան միաբանության մատենագրերը' հայկական ավանդական խոհանոցի մասին նյութեր հավաքագրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը' նշելով, որ նախնական պայմանավորածություն կա նաև Երուսաղեմի գրադարանի հետ' այնտեղ պահվող նյութերն ուսումնասիրելու համար:
«Բացի այդ, մեր գիտաշխատողը մոտակա օրերս կուղևորվի Ռումինիա' Տրանսիլվանիա շրջանի հայերի խոհանոցն ուսումնասիրելու համար: Այստեղ ապրում են 300-500 տարի առաջ գաղթած հայեր, ովքեր չեն պահպանել հայկական ազգանունը և լեզուն, բայց իրենց հայ են զգում, քանի որ իրենց տներում օգտագործում են հայկական ազգային ավանդական ուտեստներ' մեծամասամբ Վանի ուստեստները»,- տեղեկացրեց նա:
Մամուլյանի խոսքով' «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության հիմնադրման նպատակը բանահավաքչությունն է և ազգային խոհանոցի մոռացված և չգնահատված ուտեստների վերականգնումը:
«Բանահավաքչությունն իրականացվում է երկու ճանապարհով' այցելելով գյուղեր, ընտանիքներ, ինչպես նաև դպրոցներում երեխաներին թեմա ենք առաջադրում շարադրություն գրել տատիկիս լավագույն ուտեստները թեմայով: Իսկ երկրորդ ուղղությունը մատենագրերից վերծանելն է, այն ամենը, որ կապված է խոհանոցի և խոհարարության հետ»,- պարզաբանեց ՀԿ-ի նախագահը:
2014-ին կազմակերպությունը ակտիվ քայլեր է արել նաև հայկական խոհանոցը հանրահռչակելու ուղղությամբ' այն ներկայացնելով Արգենտինայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի փառատոններում:
ՀԿ անդամ, Թուֆենկյան խոհանոցների ցանցի ավագ խոհարար Ռուբեն Պողոսյանն հայտնեց, որ 2014 թվականի փետրվարին Թուրքմենստանում «Азиады 2017» փառատոնի ժամանակ ադրբեջանցի մասնակիցները փորձել են արցախյան խոհանոցը որպես իրենցը ներկայացնել: Տաղավարում ադրբեջանցիների մոտ կախված է եղել «Ղարաբաղ» ցուցանակը: Հայ խոհարարները մոտեցել և պահանջել են հեռացնել ցուցանակը:
Կազմակերպության անդամները մեծ հույսեր չեն կապում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ' հայկական խոհարարական մշակութային արժեքները պաշտպանելու հարցում: Նոյեմբերի 6-ից էլ Թուրքիայում հայ խոհարարները մասնակցելու են հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին, որտեղ ռեստորաններից մեկում, բացի հայկական ազգային կերակուրը մատուցելուց, նաև վարպետաց դասընթաց են ներկայացնելու: