ԱՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը արցախյան արտադրության պարենամթերք են տրամադրում ազատամարտիկների 3000 երևանաբնակ ընտանիքներին
SocietyԱրցախի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ, առաջին անգամ իրականացվում է սոցիալական նշանակության ինքնատիպ ծրագիր, որի շրջանակում Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին Արցախի կառավարության կողմից տրամադրվում է աջակցություն՝ բացառապես արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով: Ծրագրում ընդգրկվել են վերոնշյալ խմբերը ներկայացնող երևանաբնակ 3000 շահառուներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված աջակցությունը շահառուներին փոխանցելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են շահառուների հետ հանդիպումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպումների մասնակիցներին ուղղված իրենց խոսքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները նշել են, որ այս ծրագիրը, որը նախաձեռնվել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանի կողմից, ըստ էության, Արցախի կառավարության և արցախահայերի գնահատանքի դրսևորումն է երևանաբնակ ազատամարտիկների ընտանիքներին:
Հանդիպումներին ներկա գտնված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ վստահեցրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության հետ Երևանի քաղաքապետարանի բազմակողմ համագործակցությունը լինելու է շարունակական: Մասնավորապես, սոցիալական ոլորտում այն շարունակելու է ընդգրկել Արցախի ազատագրման համար մարտնչած ու հայկական երկրորդ պետության սահմաններն անառիկ պահող քաջ հայորդիների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված նպատակային ծրագրեր:
Իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով Արցախի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրի համար՝ շահառու ընտանիքների ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ սա բարոյական կարևոր նշանակություն ունի իրենց համար և հերթական անգամ վկայում է իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության մասին: