«Վարանդա» երգչախումբը Երևանում նշեց իր հիմնադրման 25-ամյա հոբելյանը
Culture«Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի հոբելյանական համերգը նվիրված էր երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Երգչախումբն ունի երեք կազմ՝ մանկական, պատանեկան և երիտասարդական: Այսօր ելույթ կունենան պատանիները, իսկ երիտասարդները սեպտեմբերի 26-ին կմասնակցեն «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: Հոբելյանական համերգին կհնչեն բանաստեղծներ Յուրի Սահակյանի, Սուրեն Մուրադյանի, Երվանդ Պետրոսյանի, կոմպոզիտորներ Արեգ Լուսինյանի, Ստեփան Շաքարյանի, Արմենուհի Կարապետյանի և այլոց ստեղծագործությունները: Ընդհանուր առմամբ երգչախումբը հանդես կգա 17 կատարմամբ»,- նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը:
Նա շեշտեց, որ մինչ օրս ավելի քան 600 երգիչ է երգել երգչախմբում:
«Կատարել են 500 երգ, հանդես եկել 25 երաժշտական ծրագրերով, հատուկ երգչախմբի համար 100-ից ավելի երգեր են գրվել, ձայնագրվել է «Բերդաքաղաք» ալբոմը: Այս տարիներին «Վարանդա»-ն հավատարիմ մնաց Արցախի անկախության, ինքնիշխանության ու ապահովության գաղափարին»,-ասաց խմբավարը:
Ըստ Քեշիշյանի՝ Շուշիի ազատագրումից ի վեր Արցախի մշակութային կյանքն օրեցօր բարգավաճում է, և ինքն ականատես է Շուշիի և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքների զարթոնքին ու ուրախ է, որ իր հիմնած երգչախումբը դրա մի մասն է կազմում:
Զաքար Քեշիշյանի կնոջ՝ Կամիլա Երկանյան-Քեշիշյանի խոսքով՝այս տարիների ընթացքում երգչախումբը ձեռքբերումներ է ունեցել: «Հատկապես կարևորում եմ այն, որ սերնդափոխության արդյունքում բազմաթիվ երեխաներ են մեզ մոտ երգել, զարգացել ու կրթվել, տարբեր բանաստեղծներ հատուկ երգչախմբի համար բանաստեղծություններ են գրել, որոնք վերածվել են գեղեցիկ երգերի»,- ընդգծեց նա:
Համերգն իրականացվեց Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:
Երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանումլիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբն ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում համատեղ համերգներ է ունեցել Լիբանանի համազգային «Կակաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ: Անցնող 25 տարիների ընթացքում երգչախումբը պատրաստել է 25 համերգային ծրագրեր, կատարել հայ և օտար դասական, ժամանակակից ու ժողովրդական ավելի քան 500 խմբերգեր: