Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և Նարեկ Մալյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծված ակումբը, որոշված կարգի համաձայն, ամեն շաբաթ իրականացնում է մեդիա ոլորտին վերաբերող քննարկումներ, որոնք թեև առայժմ փակ են, բայց արդյունքը կլինի տեսանելի և բաց: ‹‹Մեդիա-ակումբ››-ի, ստեղծման նպատակների և մասնակիցների ընտրության մասին Orer.am-ը զրուցեց Կարեն Քոչարյանի հետ:
Ըստ նրա՝ հասարակությունը, իշխանությունը, ընդդիմությունը, փորձագետները, լրագրողները ավելի շատ իրար մեղադրում են, քան փորձում լսել միմյանց և գալ ընդհանուր հայտարարի: ‹‹Մեդիա-ակումբ››-ը ստեղծվել է ընդհանուր լավի համար: ‹‹Փորձեցինք մի այնպիսի ակումբ ստեղծել, որտեղ չկան վիրավորանքներ, վեր են հանվում և քննարկվում ցավոտ հարցեր, շատ հաճախ ասվում են միմյանց համար միգուցե ոչ այնքան հաճելի բաներ, բայց դա արվում է շատ կոռեկտ, ցիվիլ՝ առանց միմյանց վիրավորելու››,- ասում է Կ.Քոչարյանը և ավելացնում, որ քննարկումները փակ են, բայց՝ ոչ լրագրողների համար: ‹‹Ներկա են լինում քաղաքական գործիչներ, տարբեր գերատեսչությունների մամլո պատասխանատուներ, փորձագետներ՝ բլոգերներ, հասարակությանը հայտնի այնպիսի անձինք, ովքեր հասարակական կարծիքի լիդերներ են››:
Կ.Քոչարյանը շեշտում է, որ քննարկումներին միշտ մասնակցում են լրագրողներ, քանի որ նպատակը հենց դա է՝ վեր հանել մեդիա ոլորտի խնդիրները:
Հարցին, թե արդյո՞ք քննարկման մասնակիցների ցուցակը ենթակա է փոփոխման, թե՞ կան մարդիկ, ովքեր միշտ մասնակցելու են, Կ.Քոչարյանն ասաց. ‹‹Տարբեր մարդկանց ենք հրավիրում, մասնակիցների ընտրությունը կախված է քննարկվող թեմայից:››
Ըստ քաղտեխնոլոգի՝ այսօր ամեն բնագավառում մասնագետների պակաս կա: Նաև այս խնդիրն է ցանկանում վեր հանել և լուծել ‹‹Մեդիա-ակումբ››-ը: ‹‹Ոչ միայն մատնանշում ենք խնդիրը, այլ նաև փորձում ենք լուծման տարբերակը գտնել և առաջարկել, որից կշահի ոչ միայն տվյալ բնագավառը, այլև հասարակությունը և պետությունը››,- ասում է Կարեն Քոչարյանը և ավելացնում, որ իրար վրա ցեխ շպրտելով լուծում չենք գտնի և ոչ ոք չի շահի:
Գոհար Խումարյան