Մոուրինյո. Պատկերացում չունեմ, թե երբ է վերադառնալու Պոգբան
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին շատ չի անհանգստացնում թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայությունը վնասվածքի պատճառով:
«Բացարձակ պատկերացում չունեմ, թե երբ է խաղադաշտ վերադառնալու Պոգբան: Բայց նրա բացակայությունը լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար: Ես բոլորին էլ վստահում եմ: Արտասվելու եւ Պոգբայի վերադարձի օրերը հաշվելու մտադրություն չունեմ: Երբ կվերադառնա, գերազանց կլինի, կասենք բարի գալուստ: Իսկ առայժմ ես վստահում եմ բոլոր իմ խաղացողներին»,- ասել է Մոուրինյոն նախախաղային ասուլիսում, փոխանցում է MUTV-ն:
Բրիտանական մամուլը գրել էր, որ «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Պոգբայի վնասվածքը եղել է ակումբի բժշկական շտաբի խորհուրդներին չհետեւելու պատճառով: Այդ հանգամանքը զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Նախկինում Պոգբան նմանատիպ վնասվածք (ծնկատակի ջլի ձգում) արդեն ստացել էր եւ բաց էր թողել երեք հանդիպում: Դրանից հետո նա ստացել էր ակումբային բժիշկների հստակ ծրագիրը, որի հետեւելը թույլ կտար խուսափել նման վնասվածքներից, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը նախընտրում է օգտվել անձնական բժշկի ծառայություններից:
Սպասվում է, որ Պոգբան բաց կթողնի 4-6 շաբաթ: