Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին
CultureԵրիտասարդ ու խոստումնալից քանդակագործների կերտած տասներկու քարե և տասը փայտե քանդակները, որոնք այսուհետ զարդարում են Դսեղի հրապարակը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի բակը, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի հանդեպ: Այս մասին սեպտեմբերի 24-ին քանդակների բացման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այս արձանները մեզ տանում են Թումանյանի հեքիաթների երևակայական լուսավոր աշխարհ: Փայտե քանդակները, ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ կառուցված ենթակառուցվածքը, որում բացօթյա ցուցահանդեսներ են կազմակերպվելու, հուշանվերներ են վաճառվելու, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ: Կարծում եմ, որ այդ ամենը կնպաստի, որպեսզի թանգարանի այցելուներն այստեղ ավելի երկար ժամանակ անցկացնեն: Շնորհակալ ենք Տիգրանյանին և այն երիտասարդ քանդակագործներին, որոնք արձագանքեցին ու այս գեղեցիկ գործերով հարստացրին թանգարանի բակը և Դսեղի հրապարակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ամիրյանը:
Նա հավելեց, որ մինչ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, կհրատարակվեն գրքեր, կնկարահանվեն գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Քանդակագործ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ինքը սիրով է մասնակցել մրցույթին: «Ինձ շատ է աջակցել Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկան Ավետիք Ավետիսյանը: Նա առաջարկեց Էսքիզներ ուղակել, արդյունքում հաղթեցի և շատ ոգևորված եմ, որ իմ գործերը Դսեղում են: Քանդակել եմ «Կռնատ աղջկան», քանի որ վստահ էի, որ Թումանյանի հեքիաթների մյուս հերոսներին շատերը կանդրադառնան»,-ասաց նա:
«Մեզ դուր են գալիս ներկայացված բոլոր աշխատանքները: Ինձ մտահոգում են փայտե արձանները, քանի որ փայտը շնչում է, խոնավանում, չորանում, ուստի այդ քանդակներին առանձնահատուկ խնամք է հարկավոր: Հուսամ, որ թանգարանի տնօրինությունը հոգ կտանքի դրանք մասին, և քանդակները երկար կապրեն»,-շեշտեց քանդակագործ Սերգեյ Աբովյանը:
Նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բարերար Աշոտ Տիգրանյանը թանգարանի տեսքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով բակում ծառեր տնկեցին: