Հայաստանի և Սփյուռքի գիտնականները ձգտում են համատեղ նախագծեր մշակել
SocietyԵվրոպական ծրագրերում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատաժողովի նպատակը ՏՏ բնագավառում երկու կողմերի համատեղ ուժերով մշակված նախագծերը «Հորիզոն-2020» ծրագրում ներկայացնելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 27-ին ԳԱԱ-ում աշխատաժողովի բացմանն ասաց ԳԱԱ միջազգային գիտատեխնոլոգիական ծրագրերի բաժնի պետ Տիգրան Արզումանյանը:
«Հորիզոն-2020»-ը համաշխարհային մակարդակով ԵՄ-ի ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է, որը բաց է բոլոր երկրների համար: 2016-ին Հայաստանն ասոցացվել է դրան, ինչը մեզ հնարավորություն է տալիս օգտվել նոր գործիքներից: Նախկինում մասնակցել ենք ծրագրին և տարբեր նախագծեր ներկայացրել: Հուսանք, որ այս աշխատաժողովի ընթացքում նոր գաղափարներ կծնվեն, որոնք հնարավոր կլինի ներկայացնել «Հորիզոն-2020»-ին»,- նշեց Արզումանյանը:
Ամստերդամից Հայաստան ժամանած Գոհար Սարգսյանի խոսքով` ինքը հավատում է գիտությանը, հավատում է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությանը: «Ամստերդամի համալսարանում պատասխանատու եմ եվրոպական ծրագրերի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցության համար: Իմ առաքելությունը տեսությունն իրականության վերածելն է: Դա է պատճառը, որ այստեղ եմ, և, կարծում եմ, այս աշխատաժողովը փորձի փոխանակման լավ հարթակ է, որտեղ կարող են նոր մտքեր ի հայտ գալ»,- ընդգծեց նա:
Աշխատաժողովին մասնակցեցին Եվրահանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, հայազգի գիտնականներ Գերմանիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Նորվեգիայից, Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, համալսարաններից, ձեռնարկություններից:
Ներկայացվեցին «Հորիզոն-2020» ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության 2018-2020 թվականների աշխատանքային ծրագիրը, մրցույթների թեմատիկաները, «Հորիզոն-2020»-ին 2016 թվականին Հայաստանի ասոցացման արդյունքում նոր հնարավորությունները` մասնավորապես թվինինգ գործիքը:
Ասոցացված երկրի կարգավիճակը Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ գիտնականներին ծրագրի բոլոր հնարավորություններից լիարժեք օգտվելու հնարավորություն է տալիս` ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս 16 երկրների կազմակերպությունների համար նախատեսված պայմաններով:
Միջոցառումն անցկացվեց «Կոմպյուտերային գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովի շրջանակում՝ ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ: Աշխատաժողովն իրականացվում էր «Հորիզոն-2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» նախագծի հետ համատեղ: