Հոկտեմբերին «Մանանա» թեյերը կարտահանվեն Ռուսաստան
EconomicsՏեսականու ընդլայնման և հաջող ռեբրենդինգի իրականացումից հետո հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը դուրս են գալիս ռուսաստանյան շուկա և վաճառքում կլինեն արդեն հոկտեմբերից: Ռուսաստանում «Մանանա» թեյերը ներկայացվեցին WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին ավելի քան 65 երկրների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսում մասնակցությունը հնարավորություն տվեց ընկերությանը ներկայացնել իր յուրահատուկ տեսականին, որն արդեն մեծ պահանջարկ է վայելում հայկական շուկայում:
«Մանանա»-ի տաղավարը մեծ ուշադրության արժանացավ ինչպես այցելուների, այնպես էլ ցուցահանդեսի մասնակիցների կողմից: Բանակցությունների արդյունքում ընկերության ներկայացուցիչները ձեռքբերեցին Ռուսաստան թեյերի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններ:
«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս, այդ թվում` վայրի դաղձ, ուրց, անթառամ, երիցուկ, բալի տերևներ և վարդի թերթիկներ: WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց նաև «Մանանա»-ի նոր արտադրանքը` մասուրի թեյը, որն ունի բիո սերտիֆիկացում:
Հիշեցնենք, որ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:Բարձրորակ հումքի և նորարար տեխնոլոգիայի համադրությունն ապահովում է թեյերի հիանալի համային որակը և օգտակարությունն օրգանիզմի համար` լայնորեն կիրառվելով նաև բժշկական նպատակներով:
Նախատեսվում է, որ մոտ ապագայում ընկերությունը շեշտակի կընդլայնի վաճառքների աշխարհագրությունը և «Մանանա» թեյերը կարտահանվեն Եվրամիության երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Չինաստան: