Գվարդիոլա. Վստահ եմ` ամեն ինչ կարվի, որպեսզի Ագուերոն շուտ վերադառնա շարք
SportՄանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի առողջական վիճակի մասին, որն ավտովթարի է ենթարկվել Հոլանդիայում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստն Ամստերդամ էր մեկնել մասնակցելու կոլումբացի հայտնի երաժիշտ Մալումայի համերգին:
Տաքսու վարորդը, որն Ագուերոյին համերգից հետո տարել է օդանավակայան, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյանը:
Համերգից հետո Ագուերոն «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Մալումայի հետ` շնորհակալություն հայտնելով հրավերի համար.
Պատահարի արդյունքում, Ագուերոն կողոսկրի կոտրվածք է ստացել, իսկ ավելի լուրջ վնասվածքներից կարողացել է խուսափել, քանի որ կապել է անվտանգության գոտիները.
«Ագուերոն վթարի է ենթարկվել Ամստերդամում: Ես բժիշկ չեմ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կարվի, որպեսզի նա շուտ վերադառնա թիմ: Ես դեռ չեմ խոսել Սերխիոյի հետ, մենք զբաղված էինք մարզումային գործընթացով, ավելի ուշ կտեսնեմ նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Գվարդիոլան նաև խոսել է թիմի պաշտպան Բենջամին Մենդիի մասին, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը.
«Մենդին այսօր կվիրահատվի Բարսելոնայում, և մի քանի ամիս չի կարողանա խաղալ: Ֆուտբոլիստներին անհրաժեշտ են հանգստյան օրեր և ընդմիջումներ մարզումներից: Ես կարծում եմ, որ հանգիստն ուղղակի անհրաժեշտություն է լավ ֆիզիակական վիճակի և հոգեբանական տրամադրվածության համար:
Ինչ վերաբերում է Կոմպանիին, ապա կարող եմ ասել, որ այս ամիս նա մեզ հետ չի մարզվել: Նա Բելգիայում խորհրդակցել է բժիշկների հետ, բայց վաղը չի խաղա: «Չելսիի» հետ խաղից հետո ոչ մեծ դադար կլինի. կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն գործերը: Հիմա տրանսֆերների մասին խոսելու ժամանակը չէ»,- ասել է Գվարդիոլան:
Նշենք` անգլիական Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» վաղը կհյուրընկալվի «Չելսիի» կողմից: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: