Հայաստանում գործարկվեց առաջին համակարգային «Արևէկ» արևային կայանը
EconomicsԾաղկաձորում սեպտեմբերի 29-ին գործարկվել է 0,5 մեգավատ հզորությամբ առաջին համակարգային «Արևէկ» արևային կայանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով` այս կայանն առաջինն է արևային կայանների կառուցման համար 11 լիցենզիա ստացածներից, որոնց շինարարական աշխատանքները 2019 թվականին ավարտին են հասցվելու:
«Այսօր Հայաստանի համար պատմական օր է , քանի որ առաջին արևային էլեկտրակայանը միացել է Հայաստանի էլեկտրական ցանցերին: Մոտակա 1.5 տարում կառուցվելու են ևս 11 արևային կայաններ և հուսով եմ, որ ամեն 2-3 ամիսը մեկ նոր կայանի գործարկման ականատեսը կլինենք:Այս արևային կայանը ռեկորդային կարճ ժամանակներում է կառուցվել, օգտագործվել են ոլորտի լավագույն սարքավորումները: Այնպիսի կայան է կառուցվել, որ կարելի է որպես օրինակ օգտագործել մնացած բոլոր կայանների կառուցման համար»,- ասաց Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ այս խոշոր արևային կայանի տարեկան արտադրանքը կկազմի 740 հազար կվտ/ժ:
«ԱրԷկ» արևային էլեկտրակայանը կառուցվել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության կողմից:
«Էներգ Ինվեստ Հոլդինգ» ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Լիանա Լոբասյանը նշեց, որ «ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը կառուցվել է բացառապես ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:
«Սա պիլոտային ծրագիր է, որը հնարավորություն կտա հասկանալ ընտրված սարքավորումների արտադրողականությունը, համեմատել տվյալ տարածքում հաշվարկված արևային ճառագայթմամբ պայմանավորված պլանային և իրական արտադրված էլեկտրաէներգիայի հարաբերակցությունը, պատկերացում կազմել կայանի նախագծումից մինչև կառուցումն ու շահագործումն ընկած բոլոր փուլերի, տվյալ ոլորտի մատակարարների հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ: Այն իր տեսակի մեջ առաջինն է որպես կոմերցիոն էլեկտրաէներգիա արտադրող կայան»,- նշեց Լոբասյանը:
Նրա խոսքով` էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից:
«Հաշվի առնելով տեղանքի բարդ ռելիեֆը` արևային վահանակները կրող կոնստրուկցիան ունի հատուկ կարգավորման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս կարգավորել վահանակների դիրքը և բարձրությունը` ապահովելով կայանի առավել արդյունավետ աշխատանքը:
«ԱրևԷկ»-ը հագեցած է ՌԵԿՈՄ գերմանական ընկերության մոնոկրիստալինե արևային վահանակներով, ABB ընկերության ինվեստորներով և մոնիթորինգի համակարգով, այլ առաջադեմ եվրոպական ընկերությունների սարքավորումներով, արևային, տեղեկատվական և հողանցման մալուխներով, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արտադրողականության»,- ասաց Լոբասյանը:
Էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ հանդիսանում է արևային կայանի կարևորագույն առավելություններից մեկը:
«Հաշվի առնելով ընկերության՝ արդեն իսկ ունեցած փորձը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը և համապատասխանաբար սարքավորումների գների անկումը միջազգային շուկայում` ծրագրվում է կառուցել ավելի հզոր արևային կայաններ` կատարելով խոշոր ներդրումներ»,- եզրափակեց Լոբասյանը: