Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվեց ևս մեկ արժեքավոր նմուշով
CultureԵրկար տարիներ Հայաստանի կոմպոզիտորների միությունում պահվող Կոմիտասի Կ. Պոլսի բնակարանի (1911- 1915 թթ.) աշխատասենյակի մանրակերտը նվիրաբերվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Մանրակերտը շուրջ կես դար առաջ պատրաստել է Կ. Պոլսի «Գուսան» երգչախմբի սան Արամ Աստվածատրյանը:
Նվիրաբերման հանդիսավոր արարողությունն անցկացվեց սեպտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինսիտիտուտում:
«Կոմիտաս վարդապետի 100-ամյակի կապակցությամբ մանրատիպաժը պատրաստել է տաղանդավոր կոմպոզիտոր Լևոն Աստվածատրյանի հայրը՝ Արամ Աստվածատրյանը, որը նաև Կոմիտասի աշակերտն է եղել: Վերջինս այն նվիրել է մեր միությանը, և մենք սիրով ու գորովանքով ենք մանրակերտը պահել: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումից հետո որոշեցինք այդ նմուշը նվիրել թանգարանին, քանի որ այն պատմական լուրջ արժեք է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
1959 թվականին Արամ Աստվածատրյանի մոտ աշակերտած Հենրիկ Սարգսյանն ասաց, որ 20 տարի աշխատել է նրա հետ: «Աստվածատրյանն իր հիշողությունների հիման վրա է պատրաստել մանրակերտը: Տարիների ընթացքում դրա վրա ոչ մի փոփոխություն չի կատարվել, սակայն ես ունեմ մակետի լուսանկարը, որում ևս մի նկար կա. այն հավանաբար ինչ-ինչ պատճառներով չի պահպանվել: Երեկ ես եմ տվյալ նկարն ավելացրել մակետի վրա: Հուսամ՝ մանրատիպաժը երկար կմնա թանգարանում»,-նշեց Սարգսյանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց Կոմպոզիտորների միությանը և խոստացավ՝ ցուցանմուշն իր արժանի տեղը կգտնի թանգարանում:
Միջոցառմանը հաջորդեց Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնի եզրափակիչ՝ չորրորդ համերգը։
«Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երեկոյին կայացավ Սայաթ-Նովայի անվան կոմպոզիտորական միջազգային մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էր Նյու Յորքի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կատարողական արվեստների բաժնի տնօրեն, ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Հայկ Արսենյանը: Նա հանդես եկավ համերգային կատարմամբ։
Կոստանդնուպոլսում իր պատանեկությունն անցկացրած Արամ Աստվածատրյանը մի օր խնդրել է վարդապետին թույլ տալ նրան լուսանկարել: Կոմիտասը չի մերժել և մոտեցել է ռոյալին՝ արմունկով հենվելով դրան: Այդ լուսանկարը մնացել է Աստվածատրյանի մոտ՝ որպես թանկագին մասունք: Հաճախ հյուրընկալվելով Կոմիտասին՝ Արամը մի օր նկարում է նաև վարդապետի տունը, որը Կոմիտասի և նրա աշակերտների վերջին հանգրվանն էր: Հետագայում Աստվածատրյանը հիշողությամբ և նկարի օգնությամբ պատրաստում է այդ տան մանրատիպաժը: