Ռուս նախարարը ոգեշնչված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով
SportՍեպտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային հիացրել է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձառությունը: Նախարարը համոզված է, որ այն կարելի է կիրառել նաև Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է RT-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Հայաստանի երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում պարտադիր շախմատ են դասավանդում: Արդյունքում՝ նրանք այս տարվա Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, երկիրը մեծ նվաճումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- հայտարարել է Վասիլևան՝ ընդգծելով, որ նման հաջողությունները փոխկապակցված են:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել ռուսաստանյան դպրոցներում պարտադիր առարկաների շարքում շախմատի ներմուծման գործում: «Ես լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը»,- նշել է ՌԴ կրթության և գիտության նախարարը՝ հավելելով, որ այդ առարկան պետք է լինի դպրոցներում: