Մարզիչները գոհ են Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ծանրորդների ելույթներից
SportՀոկտեմբերի 1-ի լույսի 2-ի գիշերը ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է Երևան, հայտնում է ՀԱՕ-ի պաշտոնական կայքը:
Մեր պատանիներն ու աղջիկները հաջող են հանդես եկել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
«Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականը զրուցել է հավաքականների մարզիչների հետ:
«Տղաները նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ: Տասը մարզիկներից ութը զբաղեցրին մրցանակային տեղեր՝ հաշվի առնելով նաև պոկում և հրում վարժություններում նվաճած փոքր մեդալները:
Արդյունքը հրաշալի, բայց անսպասելի է: Մենք կատարեցինք մեր առջև դրած խնդիրը»,- իր խոսքում նշել է պատանիների հավաքականի մարզիչ Գևորգ Դավթյանը:
Աղջիկների հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը ևս իր գոհունակությունն է հայտնել.
«Լիանա Գյուրջյանը (69 կգ, Մ15) դարձավ բացարձակ չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ սաներս նվաճեցին երեք ոսկե և երկու բրոնզե մեդալներ: Ես շատ գոհ եմ աղջիկներից, իսկ Լիանան հրում վարժությունում և երկամարտի արդյունքով սահմանեց անհատական ռեկորդ»,- նշել է նա: