Գեղարքունիքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
EconomicsԳեղարքունիքի մարզի խոշոր ֆերմերային կամ անհատական երկրագործական տնտեսություններում սեպտեմբերի վերջերից եւ հոկտեմբերի առաջին օրերից սկսվել եւ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններից, բերքահավաքի արագ ընթացքին խանգարում են հաճախակիացած տեղումները: Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Սոթքում ցանվել է մոտ 240 հեկտար կարտոֆիլ, որից բերքահավաքը կատարվել է մոտ 20 հեկտարի վրա:Նույնքան բերքահավաք էլ, ըստ Մեծ Մասրիկի գյուղապետարանից ստացված տվյալների, իրականացվել է Մեծ Մասրիկի՝ մոտ 300 հեկտար կազմող ցանքերում:
Առաջին հեկտարների արդյունքները ոչ այնքան գոհացուցիչ են:«Հեկտարի միջին բերքատվությունը չի անցնում 200-250 ցենտները: Բերքը վատ չի ստացվել, բայց մանր է մնացել տեւական երաշտի արդյունքում: Բերքի իրացման հետ կապված խնդիր չունենք. այն տեղում վաճառվում է 100-120 դրամ մեծածախ գնով»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:«Մեծ Մասրիկում բերքահավաքը մոտ 20 հեկտարի չափով ընթացել է տնամերձ հողամասերում:
Արդյունքը ցածր է. մեկ հեկտարի միջին բերքատվությունը չի գերազանցում 200 ցենտները:Երաշտն էապես ազդեց կարտոֆիլի բերքատվության վրա»,-հավաստեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը: ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանի ներկայացմամբ՝ Գեղարքունիքի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքերը կազմել են մոտ 9500 հեկտար: Գործի են դրվել ինչպես քանդող մեխանիզմները, այնպես էլ՝ ավանդական բահը: Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում կավարտվի հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: