«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ փոփոխված օրենքի նախագիծը իհարկե բացասական կողմեր ևս ունի,- այսօր «Երկու երես» մամուլի ակումբում նման կարծիք արտահայտեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի հ/կ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը, ով նաև հավելեց՝ հղիների նպաստը պետք է 100 տոկոսով փոխհատուցվի՝ ոչ թե վերին, այլ ներքին շեմ սահմանվի,- հայտնում է Orer.am-ը: Մարոզյանը համոզված է` իշխանություններն այս հարցին ամենայն լրջությամբ պետք է վերաբերվեն, քանի որ խոսքը ընտանիքի մասին է. «Հաշվի առնելով դատարաններում ամուսնալուծությունների գործերի քանակը, օրեցօր ավելացող արտագաղթի ծավալները՝ ամեն մի մարտահրավեր ուղղված է ընտանիքին, մեր ընտանիքներն այսօր լուրջ վտանգի առաջ են կանգնած, և սա այն հարցն է, որ 100 տոկոսով պետք է լուծում տրվի»: Խոսելով նախագծի դրական կողմերի մասին ասաց. «Գտնում եմ, որ նախագծի միակ դրական կողմը չաշխատող կանանց հղիանալու դեպքում ևս նպաստ տալն է, որը մարդասիրական մեծ քայլ է, քանի որ դրանով կխթանվի չաշխատողների մայրանալը, սակայն լավությունը չպետք է արվի սոցիալական մյուս խմբի հաշվին»: