Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից. Շարմազանով
SocietyՀայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և ռազմական դոկտրինից: Ազգային ժողովում հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա և տրամաբանական է, և օրինաչափ: Օրինաչափ է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են և գտնվում են նույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ-ում: Այս զորախումբը «դե ֆակտո» գործում է: Դրա մասին անցյալ տարի նաև հանրապետության նախագահն է հայտարարել: Այստեղ գաղտնիք չկա: Պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական զորախմբերը միասին պետք է պայքարեն անվտանգության հաստատման համար, որովհետև նրանք նույն անվտանգային համակարգում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով հնչած կարծիքներին, թե Ադրբեջանը ևս կարող է ՌԴ-ի հետ նման համաձայնագիր ստորագրել, Շարմազանովը բացառեց նման հնարավորությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը և Ռուսաստանը տարբեր անվտանգային համակարգերում են: «Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ դաշնակիցը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Հիշեցնեմ, որ Թուրքիան այն երկիրն էր, որը Պակիստանի հետ միասին պաշտպանեց և խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս նրանց պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Թուրքիան ամեն հարցում պետք է սատարի Ադրբեջանին: Հետևաբար, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք մնալ Հայաստանի անվտանգության համար: Մենք պետք է լինենք կամ այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն և դրան այլընտրանք չկա»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: