Նկարիչ Հենրիկ Չեշնիկի կտավները ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում
CultureԱվանգարդիստական և պոստմոդեռնիստական նկարչության հետևորդ նկարիչ Հենրի Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին նրա հին և նոր գործերը, որոնցում տագնապ, վախ, անգամ շատ հարցականներ կային:
Այն բացվեց հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում. կտավներս նույնպես առաջին անգամ են ցուցադրվում ձեր երկրում: Պետք է խոսեմ նաև խորագրի մասին: Ինչո՞ւ վտանգավոր, քանի որ բոլոր խաղերն են որպես այդպիսին վտանգավոր, հարաբերությունները, կյանքը»,- նշեց Հենրիկ Չեշնիկը: Նա հումորով հավելեց, որ վերնագիրը կապ չունի Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային խաղի հետ, որը վաղն է կայանալու:
Չեշնիկն ընդգծեց, որ հաճախ իր կտավներն ավանգարդիստական են համարում: «Որևէ ժանրում ստեղծագործելիս թվում է, թե ամբողջ կյանքում այդ նույն ոճում կշարունակեմ աշխատել, բայց մենք փոխվում ենք, ոճերը նույնպես: Գործերս ի վերջո դասական են»,-ասաց նկարիչը:
Տարիներ առաջ Չեշնիկը ստիպված է եղել երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցներում, այդ իսկ պատճառով գողացել է այնտեղի սավանները ու ստեղծագործել հենց դրանք վրա: Ադ արարքը նույնպես նպաստել է նկարչի համբավին:
Ցուցահանդեսի համադրողի խոսքով` Չեշնիկը շատ հետաքրքիր, ինքնաբավ և օրիգինալ նկարիչ է: «Նրա գործերը փոխանցում են նկարչի սուբյեկտիվ ընկալումները, նոր սահման ստեղծում: Կտավներում կա անհանգստություն, տագնապ, դրամատիզմ: Նա իր սեփական նկարչական լեզուն է ստեղծել հիանալի տիրապետում է ավանգարդիստական, դասական նկարչությանը, ունի իր ձեռագիրը»,-եզրափակեց նա:
Հենրիկ Չեշնիկը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել իր հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ տարվել է նկարչության ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Այդ մասին են վկայում նկարչի գեղարվեստական հակումները՝ ոգեշնչված Վ. Վան Գոգից, Է. Շիլլեից, Օ. Կոկոշկայից, Պ. Կլեեից մինչև Ֆ.
Պրոֆեսոր Հենրիկ Չեշնիկն այժմ աշխատում է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է գեղանկարի բաժնում, ղեկավարում է Գեղանկարի և գծանկարի հիմունքների արվեստանոցը:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 25-ը: