Հայաստանից ավելի քան հարյուր հնագույն գտածոներ կցուցադրվեն Թեհրանում
CultureՀայաստանից շուրջ 103 հնագույն գտածոներ հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը կցուցադրվեն Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Financial Tribune-ը:
Գտածոները Հայաստանի պատմության թանգարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Իրան են բերվել հոկտեմբերի 3-ին ու անմիջապես տեղափոխվել են Թեհրանի Ազգային թանգարան:
Նմուշները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դար: Դրանք թանգարանում ցուցադրվելու են «Իրան և Հայաստան. թագավորության հիշողությունը» խորագրի ներքո:
Հատուկ ուշադրություն է դարձվելու այն գտածոներին, որոնք առնչվում են ուրարտական քաղաքակրթության հետ: Financial Tribune-ը գրում է, որ Իրանի և Հայաստանի միջև առաջին պատմական առնչությունները սկսվել են հենց Ուրարտուում:
Միջոցառումը տեղի կունենա Իրանի և Հայաստանի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ Իրանի ազգային թանգարանի 80-ամյակի առթիվ: