Սուրեն Կարայանը Ռուսաստանի և Բելառուսի գործընկերների հետ քննարկել է ԵԱՏՄ համատեղ կոոպերացիաների հիմնման հնարավորությունները
EconomicsՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին և Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարների հանդիպման օրակարգում են եղել համատեղ արդյունաբերական կոոպերացիաներ հիմնելուն առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համադրել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժը՝ ստեղծելով արտադրություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել օգնել և աջակցել ԵԱՏՄ երկրների գործարարներին համագործակցություն հաստատելու հարցում։ Քննարկվել են նաև ազատ տնտեսական գոտիներում, մասնավորապես «Մեղրի» ազատ տնտեսական գոտում համատեղ գործունեություն ծավալելու նախադրյալները։
Սուրեն Կարայանը, Դենիս Մանտուրովը և Վիտալի Վովկն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հեռանկարին։
Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել պարբերական ձևաչափով հանդիպել և քննարկել ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական հարցերը իրենց գործընկերների հետ։