Արտերկրից մի քանի ներդրողներ ցանկանում են Մեղրիում կազինո կառուցել․ Սյունիքի մարզպետ
SocietyՍյունիքի մարզային իշխանությունը մտադիր է Մեղրիի տարածաշրջանում կազինո կառուցել, որը նախատեսված է հիմնականում իրանական շուկայի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։
«Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին։ Ես չեմ հասկանում ինչո՞ւ մինչև այժմ այնտեղ կազինո չի կառուցվել։ Եթե այնտեղ կա մարդ, որն ուզում է գալ իր փողը թողնել գնալ, ինչու մենք դա չանենք»,- նկատեց մարզպետը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ կազինոյի կառուցման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, բայց նույն ներդրողները շատ լավ հասկանում են, թե այն որքան եկամուտ կարող է բերել։
Ըստ նախագծի՝ Մեղրիի կազինոն 22 հարկանի շինություն է լինելու, որն ունենալու 102 հյուրանոցային սենյակ, խաղասենյակներ, ռեստորաններ, սրճարաններ և ուղղաթիռի կայանատեղի։
«Այնպես ենք ուզում անել, որ ոչ թե ամբողջ գիշեր խաղան, այլ գան ապրեն այդտեղ։ Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժենա ներդրողների հավանությանը, շատ լավ, եթե ոչ` մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ»,- նշեց նա։