Հայաստանը նախատեսում է առաջիկա տարիներին մարզերում 10-15 նոր կինոթատրոն ունենալ
CultureՏեղական կինոարտադրության զարգացման նպատակով քայլեր են իրականացվում Հայաստանում՝ մեծացնելու սպառման շուկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Տեղական կինոարտադրության զարգացման ուղղությամբ մենք քայլեր ենք իրականացնում: նախատեսում ենք ավելացնել կինոթատրոնների թիվը: 4 կամ 5 կինոթատրոնով Հայաստանում լավագույն ֆիլմը կարող է ապահովել առավելագույնը 80-100 մլն դրամ: Եվ բնականաբար, այդ գումարը շատ փոքր է կինոյում բարձր որակ ստանալու համար»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ նախատեսում են գոնե մարզերում առաջիկա տարիներին առնվազն 10-15 նոր կինոթատրոն ունենալ: Այս ամիս արդեն Գյումրիում կգործարկվի «Հոկտեմբեր» նորացված կինոթատրոնը: Կինոթատրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով: Առաջիկա օրերին արդեն ֆիլմերը կցուցադրվեն նույն տեխնիկական պայմաններով, ինչ Երևանում:
«Նման գործողություններով մեծացնելով սպառման ցանցը՝ մենք կկարողանանք շատ լավ շուկա ապահովել տեղական կինոարտադրողների համար»,-նկատեց Ամիրյանը: