Արմեն Աշոտյանը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների քաղաքական հիմքեր չի տեսնում
Հայաստանում արտահերթ ընտրությունների համար քաղաքական և իրավական հիմքեր չկան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հարցին, թե ի ր քայլերով եռյակը գնում է արտահերթ, թե հերթական ընտրությունների, Արմեն Աշոտյանը նկատեց, որ ինքը արտահերթ ընտրությունների համար քաղաքական և իրավական հիմքեր չի տեսնում: «Եթե դուք տեսնում եք նման հիմքեր, խնդրում եմ «լինքն» ինձ ուղարկեք»,- կատակեց Աշոտյանը:
Նա անդրադարձավ լրագրողներից մեկի հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկսել է խոսել իշխանափոխությունից: «Իշխանափոխություն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը կարող է ավարտվել ինչպես հին քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:
Անդրադառնալով հարցին, թե ում է նկատի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով, , թե պետք է վերջ դնել դրսևորումներին, որ որոշ պաշտոնյաներ օգտվում են իրենց պաշտոնական դիրքից և «փայ են մտնում», Աշոտյանը կոչ արեց հարցն ուղղել Գագիկ Ծառուկյանին: «Ես Գագիկ Ծառուկյանը չեմ»,- նշեց նա, ինչին ի պատախսան լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նա ՀՀԿ փոխնախագահն է: «Ցույց տվեք ինձ այն փայը, որտեղ ես մտել եմ, և ուղղեք ինձ այս հարցը»,- ընդգծեց Աշոտյանը: