Քաղաքի տոնի առթիվ բոլորին սեր, լավատեսություն և վճռականություն եմ մաղթում. Ա. Ալեքսանյան
Society«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Orer.am-ը զրուցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ:
1. Պարոն Ալեքսանյան, ի՞նչ ձեռքբերում է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը
Տարիների ու դարերի խորքից քարը քարին դնելով երևանցին ստեղծել ու արարել է, կառուցել ու շենացրել է իր քաղաքը, որի մաս է կազմում նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։
Մայրաքաղաքի կյանքում տարեցտարի շատ բան է փոխվում, Մալաթիա-Սեբաստիան էլ՝ քաղաքի ծննդյան յուրաքանչյուր տարեդարձի նորովի է ներկայանում՝ նորակառույց ու հիմնանորոգ բակերով, ընդարձակ խաղահրապարակներով, զրուցատաղավարներով, մարզասարքերով, ճոճանակներով, սղարաններով, գեղեցիկ նստարաններով:
Վարչական շրջանում վերջին տարիներին ավելացել են կանաչ գոտիները, աչք շոյող ծաղկային կոմպոզիցիաները՝ Լենինգրադյան-Իսակով, Բաբաջանյան-Իսակով, Սեբաստիա-Իսակով ուղեհանգույցների, ճանապարհահատվածների, պատմամշակութային արժեք ներկայացնող «Շինարար-Արծիվ» հուշակոթողի հարևանությամբ:
Շաբաթօրյակների արդյունքում այստեղ ծնունդ է առել ևս մեկ գեղեցիկ այգի։ Ի դեպ, հուշարձանի հենապատի վերանորոգումն ընդգրկված է եղել ընթացիկ տարվա ծրագրային աշխատանքներում, ինչը արդեն արվել է։
Այս տարի Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին ենք հանձնել հիմնանորոգված 4 այգի:
Բնակիչների ակտիվ մասնակցությամբ երաժշտական, գրական գեղարվեստական երեկոներից բացի, մեր կողմից՝ տաղանդավոր երեխաներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով կազմակերպվել են երգի, պարի, ասմունքի մրցույթներ։
Տարին արդյունավետ էր նաև արտաքին նոր կապերի հաստատումով․ մենք ձեռք բերեցինք նոր բարեկամներ՝ Սանկտ Պետերբուրգում, վերահաստատեցինք մեր բարեկամությունը Դրագինյան քաղաքի հետ /Ֆրանսիա/։ Համագործակցությունը Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչակազմի/Լաչին/, Բերձոր և Ստեփանակերտ քաղաքների, Արարատի մարզի հետ որակական նոր մակարդակի է բարձրացել, իսկ «Մենք՝ մեր զինվորի կողքին ենք» ծրագրով՝ այցելությունները զորամասեր շարունակական են։
2. Ի՞նչ տրամադրությամբ եք պատրաստվում նշելու Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձը:
Մենք ոգևորվում ենք ձեռքբերումներով և վստահորեն առաջ շարժվում՝ աչքի առաջ ունենալով մեր առջև ծառացած խնդիրները, այն տրամաբանությամբ, որ ուրիշ ո՞վ, եթե ոչ մենք:
Մայրաքաղաքի խնդիրները Երևանի քաղաքապետինն ու քաղաքապետարանինը չեն միայն, դրանք ավելի շատ մերը՝ երևանցիներինն են։
Մեր համաքաղացիներին մաղթում եմ, որ հարգեն միմյանց, սատար կանգնեն իրար, գնահատեն այն ամենը, ինչ հոգատար կերպով ստեղծվում է բոլորիս համար:
Քաղաքի տոնի առթիվ մաղթում եմ սեր, լավատեսություն և վճռականություն ։