ՀՀ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում
EconomicsՀայաստանը և Եվրոպական Միությունը կհամագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առևտուրը, ներդրումները և արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։
Այս մասին նշված է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում, որի տեքստը հրապարակել է Եվրոպական Միության խորհուրդը:
«Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները և պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման և հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության և անդամ պետությունների իրավասություններին՝ կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը և մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար»,- ասված է համաձայնագրում։
Կողմերը պետք է ընդլայնեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման և հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում և ամրապնդեն հարկային խարդախությունների և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։
Նշվում է, որ կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի և նմանատիպ տեղական արտադրանքի միջև՝ 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I և III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների և հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես՝ «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը և համագործակցությունը, նաև՝ տրանսֆերային գնագոյացման և հակաօֆշորային կարգավորման հարցերում։
Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու և ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով, կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան։