Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց գործունեության 50-րդ տարելիցը
SocietyՋինիշյան հիշատակի բարեգործական հիմնադրամը (Ջինիշյան հիշատակի ծրագիր) այս տարի տոնում է իր գործունեության 50-րդ տարելիցը: Այդ առիթով հոկտեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվեց միջոցառում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջինիշյան հիշատակի ծրագրի ԱՄՆ գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանը լրագրողներին ասաց, որ հիմնադրամը ստեղծվել է բարերար Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա, ով, տեսնելով Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայերի վիճակը, ցանկացել է թողնել իր ողջ ունեցվածքը նրանց։
«Վարդան Ջինիշյանի կտակի համաձայն՝ մեր հիմնադրամը նպաստում է հայերի բարեկեցիկ կյանքին ողջ աշխարհում։ 1966 թվականից ի վեր բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Լիբանանում, Ստամբուլում, Երուսաղեմում և այլ քաղաքաներում։ Գործունեությունը սկսել ենք անմիջական օգնության ծրագրերով՝ առողջապահական, սոցիալական նպաստներ, երեխաների ամառային ճամբարներ և այլն։ 15 տարի առաջ կարևորեցինք զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են խնդիրների պատճառները ուղղելուն, այլ ոչ թե հետևանքները մեղմելուն»- նշեց Էլիզա Մինասյանը։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր համայնքներում և Արցախում։ ԱՄՆ գրասենյակի տնօրենն ընդգծեց, որ վերջերս Հայաստանի գյուղական համայնքներում իրականացրել են բուժքույրերի վերապատրաստում։ Ստեղծվել են վերպատրաստման գրասենյակներ Արցախում և Հայաստանում։
«Սկսել ենք իրականացնել դպրոցական բանավեճերի, ինչպես նաև երիտասարդական ծրագրեր։ Այսօր Հայաստանի 100-ից ավելի դպրոց ներգրավված է մեր ծրագրում, որոնց միջոցով հմտություններ և գիտելիքներ ենք փոխանցում երիտասարդներին, որպեսզի նրանք դառնան հասարակության ակտիվ և տեղեկացված անդամ»,- հավելեց նա։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է նշեց, որ Ջինիշյան հիմնադրամի Սիրիայի գրասենյակն ամբողջ նվիրումով աշխատում է։ «Ես շնորհակալ եմ Ջինիշյան ծրագրից, որ հասել է նաև Վրաստան, օգնում է մեր ջավախահայությանը և վրացահայությանը, որ Հայաստանի անկախության օրերից նա եղավ Հայաստանում և իր մեծագույն աջակցությունն ու օգնությունը բերեց հայոց աշխարհի կայացմանն ու զարգացմանը»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարարը։
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը բարեգործական հասատատություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականի մայիսի 17-ին՝ Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա՝ ի հիշատակ իր ծնողների։ 1966 թվականից սկսած Ջինիշյան հիշատակի ծրագիրը ծավալուն և կենսական կարևորության նախաձեռնություններ է իրականացրել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր հայերի համար, ովքեր դժվար կացության մեջ են հայտնվել։ Ներկայումս ծրագիրն իր գործունեությունը ծավալում է Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում, Հայաստանում, Արցախում և Վրաստանում, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ամենամեծն է։ Ջինիշյան հիշատակի ծրագիրը Հայաստանում իր գործունեությունը սկսել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993 թվականին։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում։