Վիճաբանություն ԵՊՀ մասնաշենքի մոտ. դույլով հարվածել են ԵՊԲՀ վարչության պետի մեջքին
SocietyԵրևանի պետական համալսարանի՝ Երևանի Աբովյան փողոցում գտնվող տնտեսագիտության ֆակուլտետի շենքի մոտ հոկտեմբերի 16-ին միջադեպ է գրանցվել։
Tert.am-ի տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել ուսանողների միջև, ինչը փորձել է հանդարտեցնել դեպքին ականատես Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետ Սամվել Բադոյանը։
Վեճը դադարեցնելու փորձի ընթացքում վարչության պետին կողմերից մեկը հարվածել է դույլով, ինչի հետևանքով նա վնասվածք է ստացել։
Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից, որի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդում ստացել է։
«Հոկտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև։ Նշված քաղաքացին փորձել է հանդարտեցնել վեճը, կասեցնել այն, ինչի ընթացքում հարված է ստացել մեջքի հատվածում»,-ասաց Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։