Կորեական ընկերությունը ցանկանում է Հայաստանում բիոտեխնոլոգիական դեղերի արտադրություն հիմնել
EconomicsՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգի ղեկավարած պատվիրակությանը` հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության տնօրեն Կորյուն Կարապետյանի ուղեկցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կորեացի գործարարը նախարարին տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։
Ողջունելով հյուրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համար։
Լևոն Ալթունյանն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպական մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և նախարարի խորհրդական Արա Պետրոսյանը։