Ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն նաև հայ-ռուսական համալսարանում. Երևանում կայացավ ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացումը
CultureՀայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոնը գոյության ընթացքում իր մշտական հանդիսատեսին է ձեռք բերել. երեկ կայացավ հերթական՝ 12-րդ փառատոնի բացման արարողությունը:
Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը լրագրողներին հայտնեց, որ ճապոնական ֆիլմեր փառատոնի շրջանակներում Երևանից բացի ցուցադրվելու են նաև Էջմիածին և Գյումրի քաղաքներում. Երևանում ցուցադրություն լինելու է նաև Հայ-ռուսական համալսարանում։ Սա, «Հիկարի» կենտրոնի նախագահի խոսքով, այս տարի նորություն է։
«Փառատոնը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին, բայց մշակութային կապերն ավելի երկար պատմություն ունեն։ Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը ճապոնական ֆիլմերի նկատմամբ ավելացել է, մարդիկ մշակույթի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում»,- նշեց Կարինե Փիլիպոսյանը։ Նրա խոսքով՝ արդեն կա հանդիսատես, ով մշտապես ներկա է փառատոնին։
Փառատոնի փակման ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 23-ին հայ-ռուսական համալսարանում։