Եվ բոլորն են ծառայում
AnalysisԸնտանեկան բռնության վերաբերյալ օրենքի քննարկումները դեռ չէին ավարտվեց, երբ սկսվեցին նոր քննարկումներ, որոնք վերաբերվում են Վիգեն Սարգսյանի առաջարկին: Համաձայն այդ առաջարկի, հնարավոր է ուսումնական նպատակով տրվող տարկետումներն ընդհանրապես վերանան:
Այստեղ խնդիրն իհարկե մի քանի հարյուր մարդու մասին է: Այս թիվն ենք ստանում, երբ նայում ենք, թե բոլոր պետական բուհերում միասին վերցրած, քանի անվճար տեղ կա, որոնք ուսման անընդհատ շարունակության իրավունք են տալիս: Բնական է, որ օրենքի այս փոփոխությունները պետք է առաջացնեին որոշակի խմբի դժգոհություն: Նման ալիք արդեն տեսել ենք ու մասնակցել ենք: Խոսքը վերաբերվում է 2005 թվականին: Այն ժամանակ մասնակի հաջողեցինք: Չնայած հետագայում, իշխանությունները կամաց-կամաց նվազեցրեցին այդ անվճար տեղերը:
Այժմ ու՞մ է վերաբերվում այդ նույն տարկետման իրավունքը: Եկեք ընդունենք, որ անվճար տեղերի առյուծի բաժինը հասնում է պաշտոնյաների կամ հարուստների երեխաներին: Եթե նրանց թիվն հանում ես ընդհանուրից, ապա ընդհանրապես մնում է մի քանի մարդ: Իսկ մյուսները, որոնք մինչ այժմ ազատվում էին անվճար տեղերի հաշվին, կազատվեն այլ գործոնների շնորհիվ: Ենթադրենք, մեկը կլինի ալերգիկ, մյուսի երկու ոտքն էլ աջ կլինի, երրորդի գլուխը լողանալուց ջուր կքաշի և այլն:
Ընդդիմացողները հիմնականում բերում են փաստարկ առ այն, որ այս նախագիծը խախտում է մարդկանց կրթության անընդհատականությունը: Վնասում է գիտության զարգացմանը և այլն: Բերեմ իմ անձնական օրինակը: Մեր կուրսում, եղել է 25 անվճար սովորող: Նրանցից որևէ մեկն այսօր գիտությամբ չի զբաղվում: Ասեմ ավելին, մեր կուրսից երկու մարդ է զբաղվում գիտությամբ, երկուսն էլ բանակից վերադարձել են, նոր են սովորել: Իսկ ինչ մնում է կրթության անընդհատականությանը, ապա կարծում եմ, որ դրա համար պայքարողները, նախ պետք է պայքարեն կրթություն ստանալու իրավունքի համար, հետո նոր, դրա անընդհատականության: Ստացվել է այնպես, որ նրանք միլիոններով վարձ են վճարում ոչնչի դիմաց:
Այս պայքարն ավելի ողջունելի կլիներ, եթե պայքարողներն այլ տեղ տանեին խոսակցությունը: Բերեին և ցույց տային մարդկանց, ովքեր զարտուղի ճանապարհներով ազատվել են բանակից: Առաջին պլան մղեին այդ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, նախարարին ստիպեին զբաղվել այդ խնդիրներով: Նախազորակոչային և զորակոչային հանձնաժողովների աշխատանքների գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու պահանջ ներկայայցնեին և այլն: Սա կլիներ պայքար: Թե չէ, 40 մարդ ավել կպաշտպանի, թե պակաս, դա այս երկրում որևէ բան չի փոխի: 40 մարդ ավել կգնա բանակ, թե պակաս՝ դա նույնպես:
Հ. Գ.
Հարց նախարարին, որը չեն տալիս ընդդիմացողները: Պարոն Սարգսյան, իսկ վատ է՞ր, որ Դուք կրթության շնորհիվ բանակ չեք գնացել:
Վահրամ Թոքմաջյան