Ի՞նչ պատահեց, Գագո ջան. ո՞վ անիծեց
Analysis«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ... Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը... Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում»:
Այս տողերը չեն նվիրվել համաշխարհային գրականության որևէ դեմքի կամ մեր օրերի հայտնի մշակութային անհատի։ Այս տողերը հասկանալի կլինեին, եթե ունենայինք իրական բարեպաշտ կաթողիկոս և նրան ձոնեինք։
Այս տողերը, հարգելի ընթերցող, նվիրվել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույին։ Նվիրողը՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ՝ Գագիկ Սուրենյանն է։ Վերտառության մեջ Թումանյանի հայտնի պոեմի միտքը փոխել պատահական չէ։ Տեքստի ամբողջական տարբերակը չենք ներկայացնում, քանզի քծնանքի դոզան բավականին շատ է։
Ակամա հարց է առաջանում։ Ինչու՞ է Գագիկ Սուրենյանը գնում այս քայլին։ Չէ որ, հասարակության մի զգալի հատված, սիրում և ընկալում էր նրա կերպարը։ Ավելին, մի պահ նույնիսկ, երբ նա հայտնվել էր անախորժ պատմության կենտրոնում, հասարակությունն աջակցեց այս տղային։
Ինչու՞ է հիմա նա գնում այդ քայլին։ Գիտեք, հաշվի առնելով նաև տողերիս հեղինակը նախկինում ունեցած համակրանքն այդ անձի հանդեպ, չէի ուզի այս ստորաքարշության դրսևորմանը տալ ամբողջական բնութագիր։
Իրականում խնդիրն այստեղ Սուրենյանը չէ։ Խնդիրը նաև նրա գովերգած անձնավորությունը չէ։ Խնդիրը Հայաստանի գողապետական բարքերն են։ Խորհրդային քրեագողական ժառանգության արտացոլումն իրականության մեջ, որի քարոզով այդքան սիրում են զբաղվել իշխանությունները և նրանց սպասարկող հեռուստաընկերությունները։
Իսկ Սուրենյանին ի՞նչ ասեց։ Թերևս ոչինչ, սա այն դեպքն է, որ լավագույն երգը՝ դա լռությունն է։
Ընթերցողի արձագանք։
Աշոտ Տիգրանյան