«Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ
CultureԳաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս մասին «Արմենպրես»-ը զրուցեց ներկայացման վերականգնող ռեժիսոր Ժաննա Թամիզյանի հետ:
«Փորձել ենք հավատարիմ մնալ օպերային ներկայացման նախկին բեմադրությանը, որն արել էր լուսահոգի Տիգրան Լևոնյանը, և փոփոխություններ չենք մտցրել: Ներգրավվել են նոր երգիչներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ելույթներին: Նրանք են Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամանյանը, Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Հացագործյանը, Միքայել Հովակիմյանը և այլոք: Պողիկտոսին կմարմնավորի Օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը»,-նշեց Թամիզյանը:
Նրա խոսքով`«Պողիկտոս» օպերան ժամանակին մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում:
Ներկայացման դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը` Տիգրան Լևոնյանը, պարերի բեմադրությունն իրականացրել է Վիլեն Գալստյանը։
Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության։
«Պողիկտոսը» բեմադրվել է 1838 թվականին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում, սակայն արգելվել է մինչև առաջնախաղը։
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսվելու պատմությունը։ Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ արվել։
Տիգրան Լևոնյանի ջանքերով «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1993 թվականի ամռանը: Պարտիտուրը Վատիկանի գրադարանից Հայաստան է բերվել 1970-ականներին՝ Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի ևՀռոմի պապի բանակցությունների արդյունքում։