Բրազիլիայի Օզասկո քաղաքում կայացել է հայ մշակույթի 5-րդ ավանդական փառատոնը
CultureԲրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օզասկո քաղաքում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել 5-րդ ավանդական մշակութային փառատոնը, որը կազմակերպել էր տեղի հայկական համայնքը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այս տարի իր 85-ամյակը տոնող համայնքը, Սփյուռքի նախարարության աջակցությամբ, հյուրընկալեց Հայաստանի հայտնի երգիչներ Արսեն Սաֆարյանին և Սոֆի Մխեյանին, որոնց կատարումները մեծ շուք հաղորդեցին հանդիսությանը:
Միջոցառմանը հանդես եկան նաև Արգենտինայից ժամանած էդգար Սարյանն ու Մարալ Քելեջյանը, Օզասկոյի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երգչախումբը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Կիլիկիա» պարային համույթը, ինչպես նաև SAMA հայկական ակումբի Վահագն Մինասյանի ղեկավարած երգչախումբը:
Ամենամյա մշակութային փառատոնը մեծ կարևոևություն ունի ոչ միայն մշակութային ավանդույթների պահպանման և երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, այլև հայ-բրազիլական մշակութային առնչություններն ամրապնդելու համար:
Տեղեկանք. Օզասկոն հանդիսանում է Բրազիլիայում հայ համայնքի առանցքային կենտրոններից մեկը, ուր 1932թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: ՀՀ դեսպանությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում համայնքը` սերտ համագործակցելով ներկայիս հոգևոր հովիվ Տեր Պողոս ավագ քահանա Պարոնյանի և համայնքի ղեկավար, գործարար Ռոնալդու Վասիլյանի հետ»: