Ալմաթիում բացվել է «Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդես
CultureԱլմաթիում՝ Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան Արվեստի պետական թանգարանում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Իմ Հայաստան» ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Ալմաթիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայտնի նկարիչներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ելույթ ունենալով այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը` Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հայտնեց, որ դեսպանության նախաձեռնությամբ` Կաստեևյան թանգարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ու Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ղազախստանյան հասարակության ուշադրությանը ներկայացնել հայկական կերպարվեստի այն ժառանգությունը, որը խնամքով պահվում է Ղազախստանում և հանդիսանում է նրա թանգարանային հարստության անբաժանելի մասը:
Միջոցառմանը ցուցահանդեսի համակարգող Գալինա Սըրլըբաևան վերլուծեց ցուցահանդեսում ներկայացված գեղանկարիչների (Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան) գործերը՝ ընդգծելով, որ սյուժեի և գունային լուծումների առումներով ընդգրկուն և բազմազան այս ցուցահանդեսը վերակերտում է Հայաստանի բազմակերպ պատկերը, ցուցադրում երկրի բնության անկրկնելի գեղեցկությունն ու հայ ժողովրդի աշխատասիրությունը:
Հանդիսավոր արարողության ժամանակ ջութակահար Հասմիկ Ավդալյանը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ:
«Արվեստ» պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Ռիմմա Ցականյանը ներկայացրեց ցուցահանդեսի քառալեզու (հայերեն, ղազախերեն, ռուսերեն, անգլերեն) կատալոգը, որը հրատարակվել է տեղացի գործարար Հարություն Պողոսյանի մեկենասությամբ»: