«Yerevan Jazz Fest»-ը նշանավոր երաժիշտների կբերի Հայաստան
CultureԵրկու տարի շարունակ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի համերգային ծրագրերով ջազի սիրահարներին կներկայանան հայտնի երաժիշտներ Մարկուս Միլլերը, Գոնսալո Ռուբալկաբան, Իգոր Բուտմանը և այլք: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին փառատոնի կազմակերպիչները:
«Փառատոնին միշտ էլ հրաշալի ստեղծագործողներ են մասնակցել. այս տարին բացառություն չէ: Ելույթներով հանդես կգան երաժիշտներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սենեգալից, Կուբայից:
Կարծում եմ, որ հարուստ և հագեցած համերգներ են լինելու»,- նշեց ջազմեն, կոմպոզիտոր, փառատոնի նախագահ Լևոն Մալխասյանը: Նա շեշտեց, որ ջազի հանդեպ հետաքրքրությունը միշտ եղել է, կա և կլինի:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով` տարեցտարի փառատոնը բարելավում է իր կարգավիճակը: Արվեստասերների սերն այս երաժշտության նկատմամբ զգալիորեն աճել է: «Փառատոնի բացման համերգի տոմսերը սպառվել են: Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրութունը: Համերգային ծրագիր կանցկացվի նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում»,- ասաց նա:
Ջազ ֆեստի շրջանակում Հայաստանում է Արտո Թունջբոյաջյանը, որի համերգը տեղի կունենա նոյեմբերի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նա ընդգծեց, որ հայրենիքում է, երկրի առաջխաղացման, զարգացման հույսեր ունի:
Փառատոնին ելույթներ կունենան նաև Արմեն Հյուսնունցը, Անի Արզումանյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, Վահագն Հայրապետյանը, Պակո Սառը, Ալեքսիս Ավագյանը:
Փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների` ծնծղաների արտադրությանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: