Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ են իրականացվում
SocietyՅոթերորդ դարում կառուցված Արտավազիկ եկեղեցին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում նորոգվում է: Այստեղ վերականգնման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում: Աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ միասին հոկտեմբերի 28-ին Արտավազիկում էր:
«Եկեղեցու հատակը մասնակի տեղահանված է. շինարարները վերականգնել են դրա մի մասը: Գետնախարիսխներից որոշ հատվածներ մասնակիորեն քայքայված են. նորոգում ենք այդ մասը: Կանգուն մնացած պատերը, հատկապես՝ հարավարևելյան հատվածը, ամբողջությամբ քայքայված էր ու այնտեղ ջուր էր ներթափանցում՝ արագացնելով քայքայումը: Աշխատում ենք լուծել նաև այդ հարցը: Լրացվում են տանիքածածկույթի որոշ հատվածներ, հեռացվելու է ջրի թաց կետը, որը վնասում է կառույցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Նա ընդգծեց, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնելու ծրագիր դեռ չկա, քանի որ միջոցները սուղ են: Առաջնային նպատակը եղածը պահպանելն է:
Արտավազիկի վերականգնման համար պետբյուջեն տրամադրել է 11 մլն դրամ:
Վերակառուցվում են նաև Արմավիրի մարզի Թարգմնաչաց վանքը և Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երեք հուշահամալիրների վերականգնման աշխատանքներն էլ իրականացնում է «Արհովշին» շինարարական կազմակերպությունը:
Անդրադառնալով կազմակերպությանը՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Մենք հայտնվել էինք մի շրջանակում. հայտարարվող մրցույթներին մասնակցումև հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչն արդեն իսկ շատ վատ էր։ Մրցույթիպայմաններից հանեցինք շինարարական ընկերության հուշարձանների վերականգնման ոլորտում առնվազն 5-10 տարվա փորձառությանպահանջը։ Փոխարենը նշեցինք, որ մրցույթին կարող է մասնակցել առանց հիշյալ փորձառության կազմակերպություն՝ իր աշխատանքումներգրավելով փորձառու մասնագետի։ Արդյունքում դաշտում հայտնվեցին թեև պակաս փորձառությամբ, բայց նոր կազմակերպություններ:
Դա կարևոր է, քանի որ լուրջ վտանգներ են թաքնված այնտեղ, որտեղ տասնամյակներ շարունակ շինարարական հրապարակները միմյանցմիջև են բաժանում միևնույն ընկերությունները»,- շեշտեց նախարարը։
Արմեն Ամիրյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեկնարկին հատուկ բոլոր դժվարություններով հանդերձ, մրցույթի անցկացման և հանրային վերահսկողության նման ձևաչափը հետագայում շոշափելի արդյունք կտա։
Արտավազիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Նրա հարևանությամբ է գտնվում 13-րդ դարի հսկա խաչքարը: Արևելքում եկեղեցու խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս-արևելյան անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին ութերորդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։