Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի գերմանական պատվիրակության հետ
SocietyՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին Երևանում կհանդիպի Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) համար հայտ ներկայացրածների հետ հարցազրույցներ անցկացնելու առիթով Հայաստան ժամանած ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից, գերմանական պատվիրակության ղեկավարը Դորիս Բարնետն է։ Երևան այցելության ընթացքում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքական, տնտեսական և կրթական ոլորտների ներկայացուցիչների հետ:
42 երկրից 120 կրթաթոշակակիր 2018թ-ի մարտի սկզբից հուլիսի վերջ, գերմանական Բունդեսթագի կողմից ամբողջովին ֆինանսավորվող կրթաթոշակի միջոցով, հնարավորություն կստանա ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին։
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել անձամբ հաղորդակից լինել քաղաքական իրադարձություններին և որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներին։ Ըստ ծրագրի` կրթաթոշակակիրներն աշխատում են Բունդեսթագի պատգամավորներից մեկի գրասենյակում և միաժամանակ կարող են մասնակցել դասախոսությունների Բեռլինի համալսարաններից որևէ մեկում:
Ծրագիրը հովանավորվում է Գերմանական Բունդեսթագի նախագահի կողմից և իրականացվում է Բեռլինի երեք համալսարանների հետ։ Ճանապարհային, բնակության և ապահովագրական ծախսերը, այդ թվում` նաև ամսական կրթաթոշակը ֆինանսավորվում է գերմանական Բունդեսթագի կողմից։
Ծրագրի մասին առավել մանրամասն` այստեղ: