Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը
EconomicsՀայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը: Պատվիրակությունը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստում է «Կայուն զարգացման հողի հետազոտություն» ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից,ծրագիրը ներառում է տեղեկատվություն հողերի բերքատվության, մշակվող և անմշակ հողատարածքների, ջրի կորուստների, հողի ջրարբիացվածության վերաբերյալ, վերջիններիս կարող են հավելվել նաև հիդրոմետի տվյալները: Այս ամենը հնարավորություն կտա համակարգին ունենալու կառավարման արդիական գործիք, որի գործադրումն էապես կբարձրացնի ինչպես ոռոգման համակարգի գույքի շահագործման արդյունավետությունը, այնպես և կհանդիսանա ջրամատակարարման և հավաքագրման գործառույթների լրացուցիչ վերահսկման մեխանիզմ:
Ծրագրում որպես շահառուներ պետական կառույցներից հանդես են գալիս ինչպես գյուղատնտեսության նախարարությունը, այնպես և ջրային տնտեսության պետական կոմիտեն, իսկ հիմնական շահառուները լինելու են ջրօգտագործողները:
Կոմիտեի նախագահը կարևորել է ժամանակակից գործիքակազմով ջրային ռեսուրսների կառավարման անհրաժեշտությունը և առաջարկել պատվիրակությանը առավել կոնկրետ և իրատեսական ճանապարհով տանել ծրագրի զարգացումը: Որպես առաջնահերթ խնդիր կողմերը համաձայնություն են ձեռք բերել տեղեկատվության փոխանցման ու կարիքների ճշտման պարտավորությունների վերաբերյալ:
Արսեն Հարությունյանն առաջարկել է անմիջական շփումների և քննարկումների միջոցով ճշգրտել բոլոր այն խնդիրները, որոնք կնպաստեն ծրագրի արագ զարգացմանն ու ներդրմանը: