Կրթական համակարգի ներկայացուցիչները փորձում են լուծում տալ ՀՀ դպրոցականների առողջության հետ կապված խնդիրներին
Culture«Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով սեմինար-քննարկումը միտված է բարձրացնել դպրոցականների առողջության հետ կապված խնդիրներն ուսումնական գործընթացում: Իսկ շահագրգիռ և պատկան կազմակերպությունները պետք է փորձեն լուծում տալ դրանց:
ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկումը կայացավ հոկտեմբերի 31-ին:
«Մենք նախաձեռնել ենք աշխատանքային սեմինարների շարք: Սեմինարներից յուրաքանչյուրում փորձում ենք քննարկել կրթության համակարգում առկա կարևորագույն խնդիրները: Այս սեմինարի նպատակն է շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ բարձրացնել դպրոցականների առողջության հետ կապված խնդիրներն ուսումնական գործընթացում: Այնուհետև անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում այս հարցերին ուշադրություն դարձնի և տա համապատասխան լուծում»,-ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը
Ներկայացվեց կողմնորոշիչ զեկույց, վերհանվեց խնդիրների այն շրջանակը, որոնց լուծման համար անհրաժեշտ են որոշակի քայլեր:
«Եթե կրթական համակարգի ներկայացուցիչներս առողջացմանը նպաստելու հնարավորություն չունենք, գոնե պետք է չվնասենք: Ուսումնական գործընթացը հաճախ իր հետ բերում է ֆիզիկական, մտավոր և հոգեկան լարվածություն: Մենք պետք է փորձենք գիտելիք փոխանցելու գործընթացում չվնասել աշակերտին»,-ասաց Ղուկասյանն ու հավելեց՝ անհրաժեշտ է քննարկել աշակերտին հանձնարարվող տնային աշխատանքի ծավալը, այն կատարելու համար տրամադրվող անհրաժեշտ ժամանակը, գրքերում անհրաժեշտ տառաչափերի պահպանումը:
Սեմինար-քննարկմանը ներկա էին կրթության համակարգի ներկայացուցիչներ՝ Երևանի քաղաքապետարանի, բոլոր մարզպետարանների համապատասխան վարչություններից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, Կրթական ծրագրերի կենտրոնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ՀՀ առողջապահության նախարարության երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից և հասարակական կազմակերպություններից: