Շոկ...Գեներալը , որ իմացավ ուզում եմ վիրահատվեմ , ասաց` թող վիրահատվի , սատկի. հայ տրանսգենդեր Նորան անկեղծանում է
TV«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:
Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:
Նորան մտավախություն չունի, թե երբևէ կափսոսա իր սեռական կողմնորոշման համար, քանի որ տրանսգենդեր լինելով՝ իրեն երջանիկ է համարում. «Միայն թե ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ վիրահատվեմ: Հիմա վատ եմ զգում, որ ստիպված եմ տղայի շորեր հագնել կամ ինձ զրկել շպարվելուց»: Ընտանիքում միակ մարդը, ում կարոտում է, զարմուհին է, որին արգելել են շփվել իր հետ, երբ իմացել են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է:
Նորան վստահեցնում է, որ ծնողների հետ շփումը վերսկսելուն դեմ չի լինի, եթե իրեն ընդունեն: Մանկության խաղալիքներից մեկը (փոքրիկ կառք) որպես հուշ պահում է իր մոտ: Պատմում է, որ փոքր ժամանակ մայրն է նվիրել. «Վերջին պահին մաման հանեց բոլոր իրերս, ուզում էր համոզեր, որ «նորմալ երեխա եմ եղել»: Էդ խաղալիքն էլ էդտեղից եմ գտել»:
Սեքսոլոգ Մնացական Փահլեւանյանը, անդրադառնալով սեռափոխության վիրահատությանը, նշում է, որ ամենալուրջ հետևանքը տրանսգենդերների մոտ կարող է լինել պտղաբերության գործառույթի բացակայությունը. «Սա ամենամտահոգիչ հանգամանքն է:
Բայց ընդհանուր առմամբ եթե սեռափոխության վիրահատությունը կատարվում է ըստ կոնկրետ ցուցումների, այսինքն` ապացուցվում է մարդու տրանսսեքսուալ լինելը, ապա նրա հետագա կյանքի բարդությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել սոցիումի անհանդուժողական վերաբերմունքով։ Եթե բուժումները ճիշտ են կատարվում, տվյալ մարդու հետ աշխատում են տաբեր մասնագետներ՝ հոգեբան, էնդոկրինոլոգ, սոցիոլոգ, սեքսոպաթոլոգ, ապա բարդությունները հետագա կյանքի հասնում են նվազագույնի»:
Մասնագետի համոզմամբ՝ սեռափոխության վիրահատությունը Հայաստանում վիճահարույց է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ բուժհաստատություններ իրականացնում են. «Իրականում այդ վիրահատությունը բազմաթիվ բարդությունների հետ է կապված: Իհարկե, կա որոշակի սեռային առանձնահատկություն. տղա-տրանսսեքսուալներին ավելի հեշտ է դարձնել կին , քան աղջիկ-տրանսսեքսուալներին՝ տղա: Հիմնական բարդությունն առաջանում է , եթե վիրահատությունը չի կատարվում կամ մերժվում է ինչ-ինչ պատճառներով»: Սեքսոլոգը մեկնաբանում է. «Մարդու համար այլևս անհնար է դառնում ապրել «օտար» մարմնում , և նա փորձում է ինչ-որ ելք գտնել:
Եթե այդ ելքը չի ցուցաբերվում բժշկական տեսանկյունից , երբեմն հնարավոր է, որ դա ավարտվի ինքնասպանությամբ»: Հայաստանում ԼԳԲՏ անձանց թվի վերաբերյալ հստակ հետազոտական արդյունքներ չկան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԼԳԲՏ անձինք կազմում են Հայաստանի բնակչության 5-10%-ը: