Հայաստանն ու Բելառուսը քննարկել են անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:
Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի անտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես նաև Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը: Քննարկվել է նաև Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնման, անտառային ճանապարհների, որսորդական տնտեսությունների նախագծման և այլ նախագծային աշխատանքների կազմակերպմանը բելառուսական կողմի աջակցության հնարավորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 հեկտար անտառային հողերի վրա երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով հայ-բելառուսական բարեկամության անտառի ստեղծման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: