«Վելիկի Նովգորոդ» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Դեյր Էլ Զորում
International newsՌուսական ուժերին պատկանող «Վելիկի Նովգորոդ» սուզանավը թևավոր հրթիռներով համազարկային հարված է հասցրել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում «Իսլամական պետության» կարևոր կառույցներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Սուզանավը տեղակայված է Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այն գործարկվել է ստորջրյա դիրքից՝ 3 հրթիռ արձակելով: Հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հրամանատարների կետերը, գրոհայինների և զինտեխնիկայի հավաքատեղին, ինչպես նաև զինամթերքի խոշոր պահեստը Աբու Քեմալ շրջանում:
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, օբյեկտիվ վերահսկողության տվյալները հաստատել են բոլոր նպատակակետերի ոչնչացումը:
Ընդհանուր առմամբ, երկու ամսում, որի ընթացքում սուզանավն ընդգրկվել է Միջերկրական ծովում գործող խմբի կազմում, թևավոր հրթիռներով 4 համազարկային արձակում է իրականացրել 350-700 կմ հեռավորությամբ գտնվող գրոհայինների դիրքերին: