ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն կասեցրել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, վերացրել՝ երեք տնտեսվարողի գործունեության կասեցումը
SocietyՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Արմենուհի Խաչատրյանն (Արմավիր) ու Նորայր Մելիքսեթյանն (Վանաձոր), արդեն վերացրել են հանրային սննդի իրենց օբյեկտներում հայտնաբերված խախտումները:
Թերացումներն ու խախտումները շտկվել են նաև Արդավազդ Սարգսյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (Էջմիածին):
Տնտեսվարողների արտադրական գործունեությունը կասեցվել էր հիգիենային ներկայացվող պահանջների և սննդամթերքի անվտանգության ապահովման նորմերի խախտման պատճառով:
Կասեցումները վերացվել են, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը և հրուշակեղենի արտադրության վերսկսումը թույլատրվել է: