ՏԿԶ նախարարի հրավերով ՀՀ կժամանի ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը
EconomicsՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր և ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունելով հյուրին, Վաչե Տերտերյանն ասել է, որ համագործակցությունը երկար տարիների փորձ ունի և ԵԽ-ի հետ տեղական ժողովրդավարությանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել:
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ոլորտային մի շարք ծրագրեր, նշել, որ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրով տեղական ժողովրդավարության ոլորտում ծրագրված աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, և բոլոր ուղղություններով առաջընթաց է գրանցվել:
Նրա խոսքով, տարին բավականին արդյունավետ է եղել տեղական մակարդակում բարեփոխումների առումով: Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումների գործընթացին, եվրոպացի գործընկերոջը Վաչե Տերտերյանը ներկայացրել է խոշորացված համայնքներում իրականացվող գործընթացները, միաժամանակ տեղեկություններ փոխանցել նոյեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Նա նաև ասել է, որ նախարար Դավիթ Լոքյանի հրավերով նոյեմբերի 10-ին կայանալիք ՏԻՄ համակարգի ներդրմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը: Համաժողովին կմասնակցեն նաև ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսից, այլ միջազգային կազմակերպություններից բազմաթիվ ներկայացուցիչներ:
Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ: Նա ընդգծել է մեր երկրում վարչատարածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը, ասել, որ գոհ է տեղական իշխանությունների մակարդակում ժողովրդավարական սկզբունքների ներդրումից: Եվրոպացի գործիչը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵԽ համագործակցությունը տարածքային զարգացման ոլորտում շարունակական բնույթ կկրի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը շարունակելու, «Տեղական հանրաքվեի» մասին օրինագծի, տեղական մակարդակում որոշումների կայացման հարցում քաղաքացիական մասնակցությանը վերաբերող և այլ հարցեր: