Ամերիկյան ձեռագիրը չի փոխվում
AnalysisԵրեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, Նյու Յորքում՝ Մանհեթենում, բեռնատարի վարորդը մտել է հեծանվուղի և մի քանի թաղամաս անցնելով՝ վրաերթի ենթարկելով հեծանվորդներին, բախվել է դպրոցական ավտոբուսին։ Վարորդը ի վերջո վիրավորվել և ձերբակալվել ոստիկանների կողմից: 8 մարդ է զոհվել, 11-ը վնասվածք է ստացել: Հանցագործի մոտ հայտնաբերվել է պնևմատիկ զենք և փեյնթբոլ խաղալու հրացան:
Ինչպես CNN-ին հաղորդել է ոստիկանության բարձրաստիճան աղբյուրը, կասկածյալի մեքենայում անգլերեն լեզվով գրություն են գտել, որում նա հաղորդում է, որ իր գործողություններն ԻԼԻՊ-ի անունից է կատարում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածը որպես ահաբեկչություն է որակում: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է, որ համաձայն է այդ գնահատականի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Թվիթերում գրել է. «Դա նման է հիվանդ, հոգեպես անհավասարակշիռ մարդու հերթական գրոհի»:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է կասկածյալի ինքնությունը: Նրա անունը Սայֆուլո Սայիպով է, նա 29 տարեկան է, ծնվել է Ուզբեկստանում, 2010թ-ից բնակվում է ԱՄՆ-ում:
Իրավիճակից շատ արագ օգտվեց Դոնալդ Թրամփը: Նա հայտարարեց, որ շատ ճիշտ կլինի, եթե Գրին Քարտ վիճակախաղի խաղարկությունն ընդհանրապես դադարեցնեն: Թրամփը նաև հավելել է, որ այդ հարցով արդեն ինտենսիվ աշխատում է Կոնգրեսի հետ:
Այս դրվագը շատ է հիշեցնում կասկածելի սեպտեմբերի 11-ը, որից հետո Բուշ Կրտսերի վարչակազմը սկսեց Իրաքյան գործողությունը: Թե ինչ տեղի ունեցավ հետո և շարունակում է տեղի ունենալ, հայտնի է բոլորիս: Ամերիկացի ռեժիսյոր Մայքլ Մուրը, իր փաստագրական ֆիլմում կետ առ կետ ներկայացրեց կասկածելի հանգամանքները: Ամերիկյան իշխանությունները ոչինչ չկարողացան հակադարձել, բացառությամբ Մուրին հետապնդելուց:
Այժմ, եթե անգամ այս ահաբեկչության հետևում իրականում կանգնած է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, այնուամենայնիվ, Թրամփը շատ տգետ է վարվում, նման ողբերգությունը որպես առիթ օգտագործելով:
Զաբել Եսայան