Շուրջ 3000 առաջին դասարանցի դպրոց է հաճախել 7 տարեկանից
SocietyՇուրջ 3000 առաջին դասարանցի 2017-ին դպրոց է հաճախել 7 տարեկանից: Դա նշանակում է, որ այդքան երեխա առաջին դասարան չի գնացել նախորդ տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
«Ծնողներից ոմանք կարծում են, որ իրենց երեխան պատրաստ է և կարող է նույնիսկ 5 տարեկանից հաճախել դպրոց, սակայն մի հատվածն էլ համարում է, որ երեխան փոքր և դեռ պատրաստ չէ դպրոց գնալու: Խնդրի լուծումը պատկերացնում ենք համագործակցությամբ: Ունենք սոցիալական դեպքի վարման ինստիտուտ, որով մասնագետներն աշխատանք են տանում ծնողների, համայնքի հետ»,-ասաց Մակյանը:
Նրա կարծիքով՝ ծնողի հետ որքան շուտ սկսեն աշխատել մասնագետները, նա այնքան շուտ կհաղթահարի խնդիրները: Նախարարությունը հարցի լուծումը պատկերացնում է միայն արդյունավետ համագործակցությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ևս կարևորեց սոցիալական աջակցության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը և սոցիալական դեպք վարողի ինստիտուտի կայացումը, որը պետք է լինի ընտանիքի կողքին: