ՍԱՊԾ-ը կասեցրել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
EconomicsՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը:
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի լաբորատոր հսկողություն:
Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և անվտանգության պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը: Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների իրենց արտադրություններում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման խախտումները: