Էրդողանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարվա նոյեմբերի 13-ին կայցելի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Միլլիյեթ» պարբերականից:
Նշվում է, որ Էրդողանի այցի ընթացքում նախատեսվում է նրա ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում երկու նախագահները պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:
Բացի այդ՝ Էրդողանն ու Պուտինը պատրաստվում են քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։