Տրանսպորտի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկայի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձավ ԱԶԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին։
Քննարկվեցին Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։ Վահան Մարտիրոսյանը Ժանգ Վենկային ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Նա ընդգծեց, որ ցանկացած թերացում անընդունելի է, և ճանապարհը պետք է կառուցվի բարձր որակով։
ԱԶԲ փոխնախագահը, ծանոթանալով խնդրի մանրամասներին, նշեց, որ իրենք ևս միջոցներ կձեռնարկեն դրանց լուծում տալու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշտարակ-Թալին հատվածում իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին։ Քննարկվեցին նաև Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման նախագծերի ժամկետների և որակի հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային ճանապարհային միջանցքների շինարարության, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ ծրագրերին: